Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում կարող են ակտիվանալ նախկին իշխանությունների օրոք բիզնես գործունեություն ծավալած մի շարք գործարարների նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունները։
Մեր աղբյուրների տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն այս պահին ուսումնասիրում են նախկին իշխանությունների կառավարման տարիներին հողատարածքներ ձեռք բերած, այդ տարածքներում շինություններ կառուցած կամ տարբեր բիզնես նախագծեր իրականացրած անձանց գործունեությունը։
Ըստ աղբյուրների՝ որոշ գործարարներ արդեն տեղեկացված են, որ իրավապահները ստուգում են իրենց պատկանող հողատարածքների ձեռքբերման օրինականությունը, ինչպես նաև՝ այն հանգամանքները, թե ինչպես են տվյալ տարածքներում ձևավորվել և զարգացել նրանց բիզնեսները։
Մեր տեղեկություններով՝ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր խախտումներ հայտնաբերելու դեպքում կարող են հաջորդել իրավական գործընթացներ։ Այդ պարագայում դատախազությունը կարող է համապատասխան պահանջներ ներկայացնել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի կամ հողատարածքների օտարման հետ կապված։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ուսումնասիրությունների շրջանակում կարող են հայտնվել նաև այն գործարարները, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ոչ միայն բիզնես գործունեություն են ծավալել, այլև ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում։
Թե կոնկրետ որ անձանց կամ ընկերությունների նկատմամբ կարող են իրականացվել նման գործողություններ, այս պահին հստակ տեղեկություններ չկան։ Իրավապահ մարմինների կողմից այս հնարավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական հաստատում նույնպես առկա չէ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։