Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
Երևանի խցանումների դեմ պայքարելու փոխարեն մարզերից եկող քաղաքացիների մեքենաները մայրաքաղաքի մուտքի մոտ կանգնեցնելն ու նրանց ավտոբուսներ նստեցնելը խնդրի լուծո՞ւմ է, թե՞ պարզապես պատասխանատվությունից խուսափելու հերթական փորձ։
Նախ՝ եկեք ազնիվ լինենք. Երևանի փողոցներում երթևեկող մեքենաների զգալի մասը հենց երևանյան են, այսինքն՝ այդ մեքենաներով երթևեկում են երևանցիները։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է մարզից ժամերով ճանապարհ անցած մարդը մայրաքաղաքի մուտքի մոտ թողնի իր մեքենան, անծանոթ երթուղիներով ու փոխադրամիջոցներով փորձի հասնել իր աշխատանքի, հիվանդանոց, պետական հիմնարկ կամ այլ անհրաժեշտ վայր, ապա նույն դժվարություններով վերադառնա տուն։
Իսկ ի՞նչ են անելու տարեցները, երեխաներով ընտանիքները, հաշմանդամություն ունեցող մարդիկ, շտապ գործեր ունեցող քաղաքացիները։ Ո՞վ է երաշխավորելու բավարար թվով ավտոբուսներ, հարմար երթուղիներ, կարճ սպասում և ժամանակին տեղ հասնելու հնարավորություն։ Իսկ եթե տրանսպորտը չբավականացնի, կանգառներում հերթեր գոյանան, մարդիկ ուշանան աշխատանքից, ավելանան ծախսերն ու անհարմարությունները, ո՞վ է պատասխան տալու։
Խցանումների դեմ պայքարը քաղաքացիներին պատժելով չեն իրականացնում։ Նախ պետք է զարգացնել հանրային տրանսպորտը, ավելացնել դրա հաճախականությունը, ստեղծել հարմար փոխկապակցված երթուղիներ և կարգավորել հենց Երևանի ներսի երթևեկությունը։
Քաղաքացիներին ժամերով ճանապարհ անցնելուց հետո նոր փորձության ենթարկելը տրանսպորտային քաղաքականություն չէ։ Մարդկանց կյանքը բարդացնելուց առաջ քաղաքապետարանը պարտավոր է ներկայացնել հաշվարկներ, հստակ լուծումներ և ապացույցներ, որ այս քայլն իսկապես կթեթևացնի խցանումները։
Եվ այս ամենի հեղինակը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է։ Ինչպե՞ս կարելի է նման առաջարկ առաջ քաշել՝ առանց նախապես գնահատելու դրա հետևանքները հազարավոր մարդկանց առօրյայի վրա։ Քաղաքային կառավարման որոշումները պետք է հիմնված լինեն հաշվարկների, իրական կարիքների և իրագործելի լուծումների վրա, ոչ թե այնպիսի գաղափարների, որոնց հետևանքով խցանումների խնդիրը կարող է պարզապես տեղափոխվել մայրաքաղաքի մուտքեր՝ քաղաքացիների համար ստեղծելով նոր խնդիրներ, լրացուցիչ ծախսեր ու ժամանակի կորուստ։ Գրիգորյան Սուրեն, քաղաքացիները փորձադաշտ չեն, իսկ տրանսպորտային քաղաքականությունը՝ չմտածված փորձարկումների վայր։ Նախ ներկայացրեք՝ ինչպե՞ս է այս որոշումը գործելու գործնականում, երբ առանց այդ էլ ավտոբուսները լեփ-լեցուն են և անգամ եչևանցիները չեն կարողանում ավտոբուս բարձրանալ:
Ի վերջո, Երևանը միայն երևանցիներինը չէ․ մայրաքաղաքը նաև հազարավոր մարզաբնակների աշխատանքի, բուժման, կրթության ու առօրյա կյանքի կենտրոնն է։ Խնդիրը լուծելու փոխարեն այն մարդկանց ուսերին բարդելը, ովքեր արդեն իսկ ճանապարհ են անցնում, արդարացի չէ։
Արմինե Մկրտումյան