Պուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար։
Այս մասին The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ Պուտինն այս գաղափարն առաջ է քաշել հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Մասնավորապես, նա առաջարկել է բանակցություններն անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ Պուտինը սա դիտարկում է որպես նոր Յալթայի համաժողով անցկացնելու և աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու հնարավորություն։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Ռուսաստանի նախագահն իսկապես նման առաջարկ է արել։ Նրա խոսքով՝ Թրամփը դեռ չի համաձայնել հանդիպմանը, սակայն կարող է աջակցել այդ գաղափարին, քանի որ ցանկանում է կատարել պատերազմն ավարտելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը։