Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ անչափահասը բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Մ․ Հ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցներից մեկում իր որդին դասամիջոցի ժամանակ վիճաբանել է Ա․ Խ․-ի, Ա․ Պ․-ի, Գ․ Ա․-ի և Հ․ Մ․-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։