Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը։
Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կանգուն է երկհարկանի հասարակական շինությունը։ 185 քմ հողամասի վրա կառուցապատումն սկսվել է 2025 թվականին։ Տարածքում փակցված ցուցանակը ազդարարում է, որ շինարարության նախաձեռնողը Սասուն Խաչատրյանն է, իսկ կառուցվող շինությունը հասարակական նշանակության է։ Կառուցապատվող հողատարածքի ճակատային մասն ուղղված է դեպի Դավիթ Անհաղթ փողոց։ Մյուս կողմերից այն շրջապատված է մեկ այլ շինությամբ և երկաթյա ավտոտնակներով։ Հողամասից ուղիղ գծով 700 մետր հեռավորության վրա է գտնվում Արաբկիրի դատախազությունը, 500 մետրի վրա՝ Արաբկիրի դատարանը, 800 մետրի վրա՝ Արաբկիրի քննչական բաժինը, իսկ 1600 մետր հեռավորության վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Հողամասին մոտ են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների գլխավոր կառույցները։ Կարճ ասած՝ տեղանքը շատ հարմար է փաստաբանական որևէ գրասենյակի համար․ նշված կառույցներին հնարավոր է հասնել 5-7 րոպեում»։