ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը
Հոկտեմբերի 15-16-ը Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի նախագահության շրջանակում, տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համատեղ համաժողովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը շնորհակալություն է հայտնել ռուսական նախագահությանը՝ համաժողովի անցկացման նախաձեռնության և կազմակերպման համար։ Նա ընդգծել է, որ միջոցառումը 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում ստորագրված՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցության զարգացման ճանապարհային քարտեզի իրականացման կարևոր քայլերից է։
Համաժողովի շրջանակում «Աֆղանական գործոնը․ տարածաշրջանային փոխգործակցության ռիսկերն ու հեռանկարները» խորագրով նիստը վարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սամատ Օրդաբաևը։
Քննարկումների ընթացքում մասնակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով մոտեցումների հետագա համակարգման և գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Համաժողովը միտված էր ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև փոխգործակցության խորացմանը՝ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին համատեղ արձագանքելու և համագործակցության արդյունավետ մեխանիզմները զարգացնելու նպատակով։