Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները աննախադեպ լարվածություն են ապրում։ Նույնիսկ 1995 թվականին Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձի ժամանակ իրավիճակն այսքան բարդ չէր, գրում է թուրքական քաղաքական լրագրության վետերան Մուրաթ Յեթքինը՝ Yetkin Report պարբերականում։
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանը և թյուրքական մյուս պետությունները մտադիր չեն Թուրքիային վերապահել ավագ եղբոր դերը և թույլ տալ Անկարային թելադրել իրենց որոշումները, հատկապես արտաքին քաղաքականության, կրոնի և ապրելակերպի հարցերում։
Յեթքինը կասկածում է, որ Էրդողանի շրջապատը հասկացել է այս ուղերձը։ Նրա բնորոշմամբ՝ այդ շրջապատի ներկայացուցիչներն իրենց պահում են այնպես, կարծես նրանցից յուրաքանչյուրն ինքն է Էրդողանը։
Լրագրողի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահին նախազգուշացում է տրվել, որ անթույլատրելի է միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Սա հատկապես վերաբերում է թյուրքական աշխարհի երկրներին, որոնք մտահոգված են արմատական իսլամիստական շարժումների տարածմամբ։
Միևնույն ժամանակ, հեղինակը շեշտում է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այնքան կարևոր են, որ չպետք է խաթարվեն Իսրայելի կամ դպրոցական համազգեստի շուրջ տարաձայնությունների պատճառով։