ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. Զեկույց
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են պատրաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը պարունակում է Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերլուծություն, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության գնահատական։ Մասնավորապես, ուսումնասիրվել են Եվրասիական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ԵՄ-ին հնարավոր անդամակցության հետ կապված պահանջները։
Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման հետ կապված ռիսկերը կանխելու իրավական մեխանիզմները և գնահատել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքները։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված քայլերը հարցեր են առաջացնում միությունում հանրապետության հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, եվրոպական չափանիշների ներդրումը կարող է սպառնալիք ստեղծել ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի ամբողջականության համար։
Զեկույցում նշվում է, որ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կնվազի 55,6%-ով։ Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում միության երկրների հետ ապրանքաշրջանառությունը նույնպես կնվազի ավելի քան երկու անգամ։ Ներկայումս այդ երկրներին բաժին է ընկնում հանրապետության արտաքին առևտրի 37,8%-ը, այդ թվում՝ արտահանման 38%-ը և ներմուծման 37,7%-ը։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի 15,6%-ով անկմանը։
Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման տարեկան ծախսերը կարող են աճել 69%-ով՝ հասնելով 657,5 միլիոն դոլարի։
Նշվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ հասնելով 1,8 միլիարդ դոլարի։
Զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։ Նախատեսվում է փաստաթուղթը փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։