Կարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն աջակցել է պատվիրակությունների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին։ Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ռուսական կողմի հանդիպումից հետո Կիևը տեղեկություն է ստացել, որ Մոսկվան համաձայն է շարունակել քննարկումները եռակողմ ձևաչափով։ Ուկրաինան նույնպես աջակցում է ամերիկյան կողմի առաջարկին՝ հանդիպումն անցկացնել հնարավորինս շուտ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակներն են պատերազմի ավարտը, խաղաղության հաստատման գործընթացի առաջմղումը և պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման նախապատրաստումը։
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին, հնարավորինս շուտ, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերի սկզբին։ Սակայն ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից»,– նշել է Զելենսկին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ քննարկումները կշարունակվեն տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցությունների ձևաչափով։