«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների 30 ուսուցիչ ԿԳՄՍ նախարարության հրավերով այցելել է Կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Կառավարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կամավոր ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման և ուսուցչի կարգավիճակի հետ կապված հարցեր։
Սակայն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել կադրից դուրս՝ փակ հանդիպման ընթացքում, պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չկա։
Հատկանշական է, որ Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ամեն տարի լավագույն մանկավարժները պարգևատրվում են տարբեր անվանակարգերում։ Այդ թվում` արժանանում են «Վաստակավոր մանկավարժի» պատվավոր կոչմանը:
Ընդ որում, պարգևատրման շրջանակում, նախատեսվում են ոչ միայն շնորհակալագրեր ու պատվոգրեր, այլև դրամական պարգևներ։ Սակայն այս անգամ, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, մանկավարժները նույնիսկ ծաղիկների չեն արժանացել:
Ինչպես տեղեկացել ենք, նրանց տվել են հայատառ զարդանախշերով շարֆեր: Սա եղել է ոչ միայն միակ նվերը, այլև որպես հայկականը մատուցելու միակ դրսևորումը:
Իհարկե, այն կարելի էր համարել խորհրդանշական նվեր սովորական տոնի կապակցությամբ, եթե ավելի ուշ՝ արդեն փակ հանդիպմանը, Փաշինյանը չփայլեր իր հակահայկական կոշտ հայտարարություններով:
Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանն այնքան է «ազարտի մեջ» ընկել, որ սկսել է գրեթե գոռալով հրահանգել ուսուցիչներին՝ դադարեցնել հայրենասիրական քարոզը դպրոցներում. «Հերիք է հայրենասիրություն քարոզեք»,-ասել է Փաշինյանը: Նա նաև կասկածի տակ է դրել հայոց պատմության գոյությունը, ասել է, որ չկա հայոց պատմություն՝ հնչեցնելով այլ հակահայկական հայտարարություններ:
Ժաննա Անդրեասյանը փորձել է ընդհատել նրան՝ հասկացնելով, որ հայտարարությունները չափազանց կոշտ են։ Ավելի ուշ Փաշինյանը սթափվել է, սկսել ծիծաղել և փորձել իրավիճակը մեղմել անհաջող կատակներով։
Այս ֆոնին մտահոգություն է առաջացնում ոչ թե այն, որ ուսուցիչները պարգևներ չեն ստացել, այլ այն, որ դպրոցում փոխվում է դաստիարակության բովանդակությունը՝ ի՞նչ արժեքներ են այսօր փոխանցվելու աշակերտներին, եթե դպրոցում ազգային արժեքների և հայրենասիրական դաստիարակության դերը կասկածի տակ է դրվում։
Ու այստեղ անգամ կարևոր չէ, թե ինչ նշանակալի հաջողությունների և բացառիկ ավանդի համար են պարգևատրվել այս ուսուցիչները, հարցն այն է, թե հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ի՞նչ ներդրում են նրանք ունենալու կրթության զարգացման գործում և ի՞նչ արժեքներ են փոխանցելու իրենց սաներին։