Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ
ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցը ճնշման միջոց է, Հայաստանի վրա ազդեցություն գործադրելու փորձ։ Կա որոշակի թվով պահանջների ցուցակ, և դրանում կան իրական՝ Ռուսաստանի համար բավական կարևոր կետեր։ Դրա մասին NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա ակնհայտ է համարել, որ նման որոշումները կարող են ընդունվել միայն Ռուսաստանի կողմից։
Նրա կարծիքով՝ իրավաբանորեն ԵԱՏՄ-ի որևէ անդամի բացառել անհնար է․ երբ ստեղծվում էր այս կազմակերպությունը, ոչ ոք չէր մտածում, որ ինչ-որ մեկը դուրս կգա դրանից, ուստի այնտեղ նման ընթացակարգ չկա։ «Չեմ կարծում, թե դա իրական հեռանկար է, առավել ևս՝ չեմ կարծում, թե դա դեկեմբերին անցկացվելիք մոտակա գագաթնաժողովի իրական հեռանկարն է։ Իհարկե, կփորձեն վախեցնել։ Դրա մասին խոսակցություններ կան, և դրանք մշտապես ընթանում են։ Բայց չեմ կարծում, որ դա իրական հեռանկար է»,- նշել է նա։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ձևականորեն ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն իրականում դրա անդամ չէ։
«Այստեղ նույնպես անդամակցության սառեցման իրավական ձևակերպում գոյություն չունի։ Եվ այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Ընդհանրապես, երբ լինում են սպառնալիքներ ինչ-որ իրավական ակտերով, դա սովորաբար հենց սպառնալիք է, ճնշման փորձ։ Չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- ընդգծել է նա։
Նրա գնահատմամբ՝ խոսքը Ռուսաստանի հետ հարաբերությունների իրական ճգնաժամի մասին է, և դա կարելի է անվանել ԵԱՏՄ-ից բացառել, սակայն դրանք փոքր-ինչ այլ գործընթացներ են։
«Ճգնաժամ կա, և այն շարունակվում է։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա կախված է ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ որոշումից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների այս կամ այն կողմի արժեքին, ապա դա ուրիշ բան է՝ կախված խնդրից։
Ատոմային էլեկտրակայանի հարցում ամեն ինչ իսկապես լուրջ է։ Դա լուրջ հարց է և՛ ֆինանսական առումով, և՛ այն իմաստով, որ ռուսական առաջարկը գրեթե անհնար է փոխարինել, եթե ընդհանրապես հնարավոր է ինչ-որ բանով փոխարինել, և Ռուսաստանում դա, իհարկե, հասկանում են։ Դա նաև աշխարհաքաղաքական ազդեցության հարց է։ Այս իմաստով դժվար է գտնել որևէ այլ ելք։ Այն խոչընդոտները, որոնք ունի Հայաստանը, քաղաքական են, ոչ թե այլ բնույթի։
Գազի դեպքում տարբեր թվեր են նշվում։ Պուտինը խոսում էր 1000 խորանարդ մետրի դիմաց 900 դոլարի մասին։ Հասկանալի է, որ հետխորհրդային տարածքում ոչ ոք նման գումար չի վճարի, այդ թվում՝ Հայաստանը ևս չի վճարի։
Բայց հետո հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել ռուսական գազային գույքի հետ, որի մեջ, ի տարբերություն երկաթուղու, լուրջ միջոցներ են ներդրվել»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա այսօր, նրա գնահատմամբ, այն Ռուսաստանի համար խելահեղ արժեք ունի։
«Եթե հանկարծ սահմանները բացվեն, և գնացքները սկսեն ամենուր գնալ, հնարավոր է՝ այն նույնպես արժեք ներկայացնի։ Միևնույն ժամանակ Հայաստանում երկաթուղիների կառավարման կոնցեսիան ավարտվում է 2036 թվականին։ Դա այնքան էլ երկար ժամանակ չէ։
Բացի դրանից, ռուսական ցուցակում կա մի դրույթ, որը կատարել անհնար է։ Ռուսներն ասում են․ «Հետ կանչեք Եվրամիությանն ուղղված ձգտման մասին օրենքը»։ Ինչպե՞ս կատարել նման պահանջներ։
Այո, միաժամանակ երկու մաքսային միությունների անդամ լինելը անհնար է, բայց Հայաստանը նման հեռանկար պարզապես չունի։ Մոտակա տասնամյակներում Հայաստանը Եվրամիություն մտնելու հեռանկար չունի։ Հետևաբար, ընտրելու բան չկա՝ լինել այս մաքսային միությա՞ն, թե՞ այն մաքսային միության անդամ։
Հայաստանը ոչ միայն Եվրամիության հետ բանակցություններ չի վարում, այլ նույնիսկ թեկնածու չէ, նույնիսկ հայտ չի ներկայացրել։ Այսօրվա դրությամբ Հայաստանի՝ Եվրամիություն անդամակցելու հեռանկար գոյություն չունի։ 2025 թվականի օրենքը արտաքին քաղաքականության մասին չէ, այն ներքին քաղաքականության մասին է։ Ներքին օրենքներ ընդունելով Եվրամիություն մտնել հնարավոր չէ։ Այնտեղ կան համապատասխան մեխանիզմներ, տեխնոլոգիաներ, չափանիշներ, մասնավորապես՝ քաղաքական չափանիշներ։
Այդ թեման Ռուսաստանի կողմից ճնշման հերթական միջոց է։ Սակայն Հայաստանին հանրաքվե անցկացնելու հարց պարզապես չկա»,- եզրափակել է քաղաքագետը։