Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մշակվում է օտարերկրացիների աշխատանքի կազմակերպված ներգրավումն ապահովող օրենսդրություն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի մշակած՝ միգրացիոն ոլորտը կարգավորող իրավական ակտի նախագիծը գրեթե պատրաստ է և կներկայացվի երկու շաբաթից։
Մեդվեդևը նշել է, որ միգրացիոն օրենսդրությունը խախտողների ռեեստրն արդեն գործում է և ապացուցել է իր արդյունավետությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռեեստրում անձանց ներառելու հարցում անհրաժեշտ է ողջամիտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այն չխոչընդոտի օրինապահ օտարերկրացիների ներգրավմանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև մեխանիզմ մշակել միգրացիոն ոլորտում աննշան խախտումներ կատարած անձանց կարգավիճակի օրինականացման համար։
Մեդվեդևը հավելել է, որ միգրանտների հաշվառման նպատակով Մոսկվայում կիրառվող «Ամինա» հավելվածի փորձը պետք է տարածել Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում ևս։