Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ Մելիքյան
«Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել»,- ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2026թ. երրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Նա նշեց, որ սովորաբար նման եռամսյականեր քիչ են լինում։
Մելիքյանի ներկայացմամբ, երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի միջոցով ճնշման 2 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 12 դեպք. պետական կառույցներին ուղարկված գրավոր հարցումներից 5-ը մնացել են անարձագանք, ևս 5-ի դեպքում տեղեկության տրամադրումը անհիմն մերժվել է, իսկ 2 պատասխան եղել է թերի։
«Ամեն դեպքում դրական դինամիկա նկատվում է։ Երրորդ եռամսյակում դա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ հասարակական, քաղաքական իրավիճակի սրացումներ տեղի չեն ունեցել, նույնիսկ խորհրդարանում, երբ սկսվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները, թեպետ որոշ լարվածություններ կային, բայց լրագրողների հետ չէին։
Բայց չէի ասի, որ մենք պետք է արդեն վարդագույն ակնոցներով նայենք իրավիճակին։ Կան փաստեր, որոնք և քննարկման, և լուծման կարիք ունեն»,- ասաց Մելիքյանը։
Ըստ նրա, անհանգստացնող երևույթ է դատական ակտերի չնվազող հոսքը։
«Բավականին խնդրահարույց է այն, որ հնարավոր է այս տարի դատական հայցերի թիվը հասնի անցած տարվա գրեթե ռեկորդային ցուցանիշին։ Երրորդ եռամսյակի ընթացքում ավելի շատ են նոր դատական հայց ներկայացվել լրագրողների ու լրատվամիջոցների դեմ, քան առաջին ու երկրորդ եռամսյակներում։ 18 դատական նոր հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։ Այս տարի հայցերի ընդհանուր քանակը 44 է։
Անցած տարի 61 գործ էր վիրավորանքի և զրպարտության հիմքով, 2 գործ՝ այլ հիմքով։ Հայցեր ներկայացնողների գերակշռող մասը պաշտոնայներ ու պետական մարմիններին ներկայացուցիչներն են»,- ասաց նա։