Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանըգրել է.
Հարգելի՛ ընկերներ։
Նախևառաջ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ այն շնորհավորանքների համար, որոնք ստացել եմ Գագիկ Ծառուկյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հատուկ ներկայացուցչի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ես ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին։ Կանեմ ինձանից կախված ամեն ինչ՝ պարոն Ծառուկյանի վստահությունն արդարացնելու համար։
Սակայն թույլ տվեք հնչեցնել աշխատանքային կարևոր պահեր։
Եթե որևէ նյութ ուղեկցված չէ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական ներկայացուցչի հայտարարություն կամ կարծիք» հատուկ նշումով, ապա ցանկանում եմ ընդգծել, որ իմ անձնական գործունեությունը՝ որպես քաղաքական վերլուծաբանի, ԶԼՄ-ներում իմ ելույթները, ինչպես նաև «Sputnik Արմենիա» ռադիոկայանի փոդքասթի հեղինակային հաղորդումների ընթացքում արտահայտած կարծիքներն ու մտքերը չեն արտացոլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։
Իմ կողմից՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հատուկ ներկայացուցչի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի, հրապարակվող բոլոր նյութերը կունենան համապատասխան հատուկ նշում՝ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական ներկայացուցչի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հայտարարություն կամ կարծիք»։
Մնացած բոլոր դեպքերում, եթե բացակայում է վերոնշյալ հատուկ նշումը, հրապարակված հոդվածները, տեսանյութերը, աուդիո նյութերն ու ԶԼՄ-ներին տված հարցազրույցները ներկայացնում են բացառապես իմ անձնական դիրքորոշումը։
Նույնը վերաբերում է նաև Facebook, Instagram, X, Threads, TikTok և Telegram սոցիալական հարթակներում իմ էջերին։
Այսպիսով, որևէ տեղեկատվության հրապարակումը կամ դրա վերահրապարակումը (ռեփոստը) իմ սոցիալական ցանցերի էջերում՝ առանց վերոնշյալ հատուկ նշման, նշանակում է, որ տվյալ տեղեկատվությունն արտահայտում է բացառապես իմ անձնական դիրքորոշումը և որևէ կերպ չի ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։
Անհրաժեշտ եմ համարում այս պարզաբանումը՝ հետագայում հնարավոր թյուրիմացություններից և տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար։
Շնորհակալություն ըմբռնման համար։
Ձե՛ր՝ Արման Աբովյան