Թեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրա
Նոր ուսումնասիրության համաձայն՝ թեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրա։
«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ չինացի հետազոտողները, ուսումնասիրելով թեյի օգտագործումն ու անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 485.934 մարդու մոտ, պարզել են, որ պարբերաբար թեյ խմողների մոտ այդ ռիսկը նվազում է 11 տոկոսով։ Անոթային հիվանդությունները ներառում են սրտի, գլխուղեղի անոթների, թոք-սրտային և ծայրամասային զարկերակների հիվանդությունները։
Իննամյա դիտարկման ընթացքում գրանցվել է անոթային հիվանդությունների 14.863 դեպք։
Արդյունքները ցույց են տվել, որ միջին թնդության թեյի օգտագործումը կապված է ռիսկի նվազման հետ, մինչդեռ «շատ տաք» թեյը կարող է կապված լինել անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկի հետ։ Նվազագույն ռիսկը դիտվել է օրական մոտ վեցից ութ բաժակ թեյ օգտագործելու դեպքում՝ թեյը շաբաթական կտրվածքով խմողների շրջանում, որոնք օրական միջինում 2,78 բաժակ թեյ էին խմում։
Միացյալ Թագավորության փորձագետներմ ընդունել են ուսումնասիրությունը՝ նշելով, սակայն, որ թեյ օգտագործելու օպտիմալ քանակի վերաբերյալ առաջարկություններ սահմանելուց առաջ լրացուցիչ աշխատանքներ են պահանջվում։
Ավելին, մասնագետները թեյի օգտագործումը՝ ծխելուց զերծ մնալու և ֆիզիկական վարժություններ կատարելու հետ համատեղ, կապել են նվազագույն ռիսկի հետ։
«British Heart Foundation»-ի ավագ սննդաբան Դել Սթենֆորդը նշել է. «Այն մարդկանց մոտ, ովքեր հետազոտության ընթացքում կանոնավոր կերպով թեյ են խմել, անոթային հիվանդությունների հարաբերական ռիսկը մոտ 11 տոկոսով ավելի ցածր է եղել։ Սա համալրում է այն ապացույցները, որոնք թեյի օգտագործումը կապում են սրտանոթային առողջության բարելավման հետ»։
Սակայն սա չի ապացուցում, որ օրական մեկ բաժակ ըմպելիքը պաշտպանում է ձեր սիրտը։ Սա դիտողական հետազոտություն էր, և մարդկանց սննդակարգի ու ապրելակերպի այլ տարբերություններ կարող են բացատրել ստացված արդյունքները։
Թեև ռիսկի նվազագույն ցուցանիշը գրանցվել է օրական մոտ վեցից ութ բաժակ օգտագործելու դեպքում, դա չպետք է ընկալել որպես խորհուրդ տրվող քանակ։
«Թեյի սպառումը չափվել է ընդամենը մեկ անգամ, բաժակի չափսերը ստանդարտացված չեն եղել, և ուսումնասիրությունը չի կարող ապացուցել, որ ավելի շատ թեյ խմելն է հանգեցրել ռիսկի նվազմանը։ Կարևոր է նշել, որ ստացված արդյունքները մատնանշում են առողջ ապրելակերպի սովորությունների ավելի լայն դերը։ Նվազագույն ռիսկը դիտվել է այն մարդկանց շրջանում, ովքեր թեյ են խմել, չեն ծխել և ֆիզիկապես ակտիվ են եղել»,- նշել է մասնագետը։
Ըստ մասնագետի մեկնաբանության` չկա որևէ առանձին սննդամթերք կամ ըմպելիք, որը կարող է արմատապես փոխել սրտի առողջությունը. շատ ավելի կարևոր են սննդակարգն ու ապրելակերպն ամբողջությամբ։ Եվ վերջապես, քանի որ այս հետազոտությունն անցկացվել է Չինաստանում, լրացուցիչ ապացույցներ են անհրաժեշտ, նախքան ենթադրելը, որ բացահայտումները նույն կերպ են վերաբերում նաև Միացյալ Թագավորությունում կամ որևէ այլ երկրում բնակվող մարդկանց»։
Հետազոտությունը հրապարակվել է «Journal of Internal Medicine» ամսագրում։