Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները,
մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել, սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: