Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր Հասրաթյան
Դավաճանությունը պարտադիր չէ, որ արտահայտվի գաղտնի գործարքով կամ հակառակորդի հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ։ Այն կարող է դրսևորվել նաև հանուն սեփական իշխանության պահպանման՝ ազգային շահը գիտակցաբար ստորադասելու գնով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Դավաճանության բարոյական ընկալումը միշտ չէ, որ սկսվում է փաստաթղթից։ Երբեմն այն սկսվում է վստահության կործանումից, խոսքերի ու գործողությունների հակասությունից և այն զգացումից, որ քեզ պաշտպանելու պարտավորություն ստանձնածը քեզ մենակ է թողել ճակատագրական պահին։
Մարդը կարող է տեսնել իրար հաջորդող իրադարձությունները, համադրել պաշտոնական հայտարարություններն իրական հետևանքների հետ և հանգել այն համոզման, որ տեղի ունեցածը սովորական սխալների շղթա չէր։
Արցախցու նման համոզմունքը չի կարելի անտեսել կամ մերժել՝ միայն այն պատճառով, որ նա դեռ չունի գաղտնի բանակցությունների արձանագրություն կամ հրամանի պատճեն»: