Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Սահմանադրական փոփոխությունների հարցում խորհրդարանական հավանության բացակայության դեպքում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, նոր լարվածություն է առաջացրել քաղաքական դաշտում։ Սակայն ընդդիմության արձագանքներից պարզ է դառնում՝ նրանք ընտրությունների հեռանկարը դիտարկում են ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես իշխանությանը քաղաքական գնահատական տալու հնարավորություն։
Խորհրդարանական և արտախորհրդարանական »դիրքորոշումը հստակ է․ նրանց համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների գործընթացը պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով, իսկ Հայաստանի հիմնական օրենքը չպետք է վերանայվի արտաքին՝ այն էլ թշնամի երկրի ճնշման ներքո։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընտրություններին՝ իշխանություններից պահանջելով հստակեցնել օրը։ «Հայաստան» խմբակցությունն էլ կասկածի տակ է դնում Սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ քննարկումների նպատակահարմարությունը։
Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը միասնաբար իր «ձայնը տալիս է» արտահերթ ընտրությունների օգտին:
Եթե արտահերթ ընտրություններ լինեն, այս անգամ ՔՊ-ի համար իրավիճակը կարող է էապես փոխվել։ Իշխանության ընտրազանգվածը, ըստ այս քաղաքական հաշվարկի, կմնա նույնը, մինչդեռ իշխանություններին դեմ քաղաքացիները, նախորդ ընտրությունների ժամանակ իրենց ձայները փոքր ընդդիմադիր կուսակցությունների մեջ փոշիացնելու փոխարեն, այս անգամ կարող են նախընտրել ավելի մեծ աջակցություն ունեցող ընդդիմադիր ուժերին՝ նրանց խորհրդարան անցնելու հնարավորությունը մեծացնելու համար։
Առանձին գործոն է նաև ԲՀԿ-ն, որի ընտրազանգվածը կարող է էական դեր ունենալ ուժերի հարաբերակցության հարցում։ Այս կուսակցությունից գողացված ձայները ԲՀԿ-ի ընտրողները հաստատ իրենց կամքով չեն տալու ՔՊ-ին:
Այսպիսով՝ եթե արտահերթ ընտրությունները իշխանության հերթական ծուղակը չեն, ապա ՔՊ-ն շանս չունի: ՔՊ-ի միակ քաղաքական հաշվարկը հենց ծուղակի հավանականությունն է, որտեղ իշխանությունը կփորձի բոլոր հնարավոր ու անհնար մեթդներով կեղծել ընտրությունները։
Ամեն դեպքում, եթե ընդդիմությունը ճիշտ խաղա, ապա չի բացառվում, որ Փաշինյանը հայտնվի սեփական ծուղակում․ արտահերթ ընտրությունները կարող են փոխել նրա խաղի կանոնները:
Արմինե Մկրտումյան