Շևչենկոյի անվան դպրոցը և նման դպրոցները ԿԳ նախարարության ամոթն են
Newspress.am-ը ահազանգ էր ստացել, որ ավագ դպրոցների տասներկուերորդ դասարանի աշակերտները դպրոց չհաճախելու համար տնօրենին վճարում են 500-700 դոլար, խոսքը մասնավորապես վերաբերում է Երևանի Տարաս Շևչենկոյի անվան դպրոցին: Ահազանգից հետո մեր կայքի լրագրողներն այցելեցին Շևչենկոյի անվան դպրոց՝ անձամբ տնօրեն Էլեոնորա Թումանյանից տեղեկանալու նման լուրերի իսկությունը: Նախ մեզ զարմացրեց դպրոցի անմխիթար վիճակը, որը հաստատ չի տրամադրում ուսումնառությանը. կիսախարխուլ ու քանդված պատեր, քարուքանդ հատակ, հինավուրց պատուհաններ, կիսամաշ դռներ և այլն: Նշենք, որ Շևչենկոյի անվան դպրոցը հին պատմություն ունի և դեռևս հնաբնակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաշալի տեղյակ է, որ այս դպրոցը գտնվում է նման վիճակում և մի կերպ ֆիզիկական գոյություն է քարշ տալիս ու գտնվում է քարուքանդ վիճակում:
Ինչևէ, երբ մենք ահազանգի խնդրով զրուցեցինք տնօրենի հետ, վերջինս ոչ ժխտեց, ոչ հաստատեց իրողությունը: Տնօրենի թույլտվությամբ և նրա հետ միասին շրջեցինք ավարտական դասասենյակներով, որտեղ նստած էին աշակերտների հիսուն տոկոսից պակաս: Իսկ չհաճախելու դիմաց գումար վերցնելու վերաբերյալ տնօրեն Էլեոնորա Թումանյանը նշեց. «Ուր էր, որ պահանջեինք: Ավելի կարգին կլիներ: Երբ ծնողը գալիս է ինձ մոտ պայմանավորվածություն ձեռք բերի և իրենց դա հաջողվում է, իրենք հանգստանում են, գնում են տուն, երեխան իրենց ուզած ձևով հաճախում է»,-մեզ հետ զրույցում ասաց տնօրենը:
Թումանյանը նաև նկատեց, որ ոչ ոք երբևէ ոչինչ չի կարող ապացուցել, դա էլ իրազեկված ծնող չի, եթե ինքը դա ապացուցում է, ապա դա ևս քրեորեն պատժելի է: Նա նաև չէր հավատում, որ իր աշակերտներից որևէ մեկը իր վերաբերյալ նման բան կասի: Թեև տնօրենը ժխտեց գումար վերցնելու վերաբերյալ ահազանգի, ճշմարտացիությունը, սակայն փաստը մնում է փաստ, որ ավարտական դասարանների աշակերտների զգալի մասը դպրոց չի հաճախում: