Հայտնի ջութակահարը Հայաստանում արդարության հաղթանակ է ակնկալում
Օրերս համերգային հյուրախաղերով Իրկուտսկի երկրամասում էր մեր հայրենակից, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանը։ Այս մասին Իրկուտսկից տեղեկացնում է newspress.am-ի թղթակիցը:
Հայկ Կազազյանը 90-ականներին Հայաստանից Մոսկվա արտագաղթած հայորդիներից մեկն է, որը ժամանակին ուսանել է Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, հետո ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակի բաժինը, ապա Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջն ու այժմ դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում, նվագում աշխարհի լավագույն բեմերում։ Համեստ ու բարի, հայի թախծոտ ու խոհուն աչքերով այս երիտասարդն ուղղակի մի ներդաշնակ ու սքանչելի կարոտի խորհրդանիշ էր` իր ջութակի լարերի նման զգայուն ու նուրբ։ Հայկը աշխարհի ու նրա լավագույն բեմերի քաղաքացին է։ Այսպիսիք, ինչ-որ առումով, հայրենիք չունեն, բայց չեն դադարում իրենց ազգի զավակը լինել։ Հայկը ուղնուծուծով հայ է ու աշխարհի քաղաքացին: Վերջին տարիներին, ավելի հաճախ է Հայաստանում լինում, հետևում է այնտեղ կատարվող յուրաքանչյուր իրադարձությանն ու սպասում արդարության հաղթանակին։