Բրայանտ Դանստոնը միացավ Հայաստանի հավաքականին
30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանեց Հայաստան և ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դանստոնը 2014 և 2015թթ. ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան:
206 սմ հասակ ունեցող խաղացողը վաղվանից կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին:
«Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երևանում է և մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող և օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնությունը: