Ցուցահանդեսի հասույթը կփոխանցվի վիրավոր զինվորին (տեսանյութ)
Հուլիսի 1-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կբացվի ցուցահանդես` «Վերադարձ» խորագրով, որի հասույթը կտրամադրվի քառօրյա պատերազմում վիրավորված զինվորի ընտանիքին:
««Վերադարձ» խորագիրը երևի մեր հոգու կանչն է: Երկար տարիներ ապրելով Մոսկվայում` կարոտը մեր հոգում միշտ կա:
Տարբեր թեմաներով նկարներ կլինեն` և′ մարդու հոգեվիճակ, և′ բնավորություն: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայրենիքն սկսվում է իրենից: Մենք չէինք կարող անտարբեր անցնել քառօրյա պատերազմի կողքով, մեր նպատակն է օգնել զինվորներին»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց նկարիչ, ռեստավրատոր Ասյա Հակոբյանը:
ՌԴ նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանն էլ իր նկարների ստեղծումը կապեց Աստծո մեծ ուժի հետ: Նա նկարում է տարբեր ոճերում, սակայն այստեղ ցուցադրված նկարների մեծ մասում պատկերված են հոգևոր իրավիճակներ.
«Նկարում եմ սկսած գեղանկարից` վերջացրած գոբելենով: Հիմա հոգեվիճակներ եմ ցուցադրելու, այդ հոգեվիճակները գալիս են երազում: Արթնանալով` ես դա փոխանցում եմ թղթին, որոնք, կարծում եմ, իրոք տրված են վերևից, ես չէի կարող նման բան անել` առանց Աստծո օգնության: Ես հրաշքների հավատում եմ: Ես հավատքով մարդ եմ, սիրում եմ կարդալ Նարեկացի»,- նշեց նկարիչը:
Մանրամասները` տեսանյութում