Մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը. Լևոն Զուրաբյան
Մենաշնորհները Հայաստանում դարձել են ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Դրա պատճառով տուժում է մեր ամբողջ բնակչությունը, ով ստիպված է սննդամթերքն արհեստականորեն ուռճացված գներով գնել: Այդ մասին այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դիմելով՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս առաջարկեց խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հասկանալու համար՝ ինչպես վերացնել ապօրինի մենաշնորհը Հայաստանում:
«Առաջարկում եմ հրավիրել ԱԺ լսումներ, սա դարձնենք լուրջ քննարկման առարկա, շատ կարևոր է, որ քննարկվեն այս հարցերը, ու հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անել, որ վերացվեն այդ ապօրինի մենաշնորհները»,- ասաց Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան պատգամավորի առաջարկի՝ ասաց. «Միշտ էլ կարող ենք անցկացնել լսումներ, բայց նախ և առաջ փաստեր են պետք: Վարչապետն այդ մասին խոսել է: Առաջիկայում իր բանաձևը կներկայացնի: Պետք է մի փոքր սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անում այդ իմաստով»: