Սոս Սարգսյանն այսօր կդառնար 87 տարեկան
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Մեծանուն դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահության համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցության՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։