Հարգանքի տուրք` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն անմոռանալի և ուսանելի են: Մինչև օրս էլ նրանց հիշում են։
2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը որակել է ողբերգություն՝ պետության և մեր ժողովրդի համար։
Այնուհետև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն, Երևանի Կոմիտասի անվան պանթեոն, Երեւանի քաղաքային պանթեոն եւ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ուր ամփոփված են ոճրագործության զոհերի աճյունները: ԱԺ նախագահը ծաղիկներ է դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարերին: