Նոյեմբերին Սլովակիայի Ազգային ժողովի նախագահն այցելելու է Հայաստան
Հոկտեմբերի 25-ին Սլովակիայի հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրե Դանկոն ընդունել է Եվրոպական միությունների ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին:
Հանդիպումը կայացել է Ազգային ժողովի նախագահի՝ նոյեմբերի սկզբին Հայաստան սպասվող այցի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ պարոն Դանկոն կիսվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին առաջին անգամ Հայաստան կատարած իր այցի տպավորություններով:
Նշենք, որ Անդրե Դանկոն այդ ժամանակ Հայաստան էր ժամանել որպես «Սլովակիայի ազգային կուսակցության» նախագահ: Ուղիղ մեկ տարի հետո խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ միայն այդ կուսակցությունը դարձավ խորհրդարանական, այլև կուսակցության երիտասարդ նախագահ Դանկոն ընտրվեց Սլովակիայի ազգային խորհրդի նախագահ:
Հանդիպման ժամանակ Սլովակիայի Ազգային ժողովի նախագահն ասել է, որ ինքը Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հուզումնալից պահեր է ապրել, հատկապես երբ ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Քաղաքական գործիչն աղոթել է Աստծուն՝ վստահ լինելով, որ սրբավայրից իր աղոթքները լսելի կլինեն Աստծուն, և դա իր կյանքի անմոռանալի պահերից էր, որը խոր հետք է թողել իր կյանքի վրա:
2016թ-ին Ա. Դանկոյի կյանքում տեղի է ունենում անսպասելին. նրա մոտ ուռուցք է հայտնաբերվում, վիրահատությունը տեղի է ունենում ապրիլի 24-ին, այն անցնում է չափազանց հաջող, և Ա. Դանկոն հավատացած է, որ իրեն օգնել են հենց հայաստանյան աղոթքները: Ազգային ժողովի նախագահը որոշում է ընդունում նոյեմբերին այցելել Հայաստան՝ մի նպատակով՝ գնալ Ցեղասպանության հուշահամալիր և իր աղոթքն ուղղել Աստված և խորին շնորհակալություն հայտնել այս մեկ տարվա ընթացքում Աստծուց ստացած անհավատալի օգնությունների համար:
Պարոն Դանկոն համոզված է, որ իսկապես այն հզոր ուժը, որ փրկել է հայերին՝ դիմակայելու որպես քրիստոնյա ժողովուրդ իր կրած արհավիրքներին, այդ ուժը նաև սատարում է նրան՝ հանուն հավատի և ազնվության մղվող պայքարում: Նա ընդամենը մեկ-երկու պաշտոնական այցելություն է նախատեսել Հայաստանում և բացի Ցեղասպանության հուշարձան այցից, անհամբերությամբ սպասում է նաև Վեհարանում սպասվող ընդունելությանը:
Պարոն Դանկոն և Գրիգորյանը պայմանավորվել են հայաստանյան այցից հետո կրկին հանդիպել և ևս մեկ անգամ կիսել մտորումները, սակայն պարոն Գրիգորյանը չի կարող ուղեկցել նրան այդ այցի ժամանակ, քանզի նոյեմբերի սկզբին հայտարարված է «Նաիրիտի» կոնսորցիումի անդամների հավաք Բրատիսլավայում, որը հնարավոր չէ տեղափոխել:
Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ պարոն Դանկոյի այցը Հայաստան նոր էջ է բացելու հայ-սլովակական հարաբերությունների համար: