Հիլարի տատիկը թող հանգստանա. Ժիրինովսկի
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթի լավագույն թեկնածուն, նա Ռուսաստանին պատերազմով չի սպառնում, ամերիկացիները խաղաղ կյանք են ուզում: Տեսակետը Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրնովսկիինն է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հանրապետական Դոնալդ Թրամփն այս պահին առաջատարն է ԱՄՆ-ի խոշոր նահանգներում հաղթելուց հետո:
«Ահա վերլուծություն, թե ինչու է Ամերիկան քվեարկել Թրամփի օգտին. աշխարհում ծանրագույն դրությունը, Հիլարին (Քլինթոնը՝ դեմոկրատների թեկնածուն-խմբ.) սպառնում է պատերազմով, նրա համար Ռուսաստանը գլխավոր թշնամին է: Իհարկե, ամերիկացիների մեծամասնությունը խաղաղ կյանք է ուզում»,- ասել է Ժիրինովսկին:
«Մենք, իհարկե, հաճույքով հաստատում ենք, որ ԱՄՆ-ում հաղթում է երկու թեկնածուներից, որոնք ներկայացվել են ամերիկացի ընտրողներին,հաղթում է լավագույնը»:
Նա, սակայն, նշել է, որ ցավոք սրտի, Ռուսաստանում լրագրողներն ու քաղաքագետները չէին կանխատեսում Թրամփի հաղթանակը:
«Հիլարի տատիկը թող հանգստանա»,- հավելել է պատգամավորը:
ՌԼԴԿ նախագահը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը կհեռանա իրենց երկրից. «Նա ատում է Ռուսաստանը: Ուկրաինայում ամեն ինչ կխաղաղվի, և′ պատժամիջոցները դուրս կգան, և′ Մերձավոր Արևելքում ամեն ինչ կխաղաղվի, և′ ողջ մարդկությունը հանգիստ շունչ կքաշի»,- ամփոփել է Ժիրինովսկին: