«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով. առաջին գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը, երկրորդ գոլը խփել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:
Հայ ֆուտբոլիստը մեկնաբանել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում:
«Առաջին խաղակեսում բարդ էր, սակայն ընդմիջումից հետո ավելի շատ տարածություն էինք ստանում եւ կարողացանք օգտվել դրանից: Սկսեցինք խաղալ ավելի արագ եւ խփեցինք կարեւոր գոլեր, որոնք մեզ դուրս բերեցին փլեյ-օֆֆ:
Երկար սպասեցի այս գոլին: Իմ հաջորդ նպատակը տնային խաղում, «Օլդ Տրաֆորդում» գոլ խփելն է: Դա ինձ կպատճառի մեծ հաճույք՝ աչքի ընկնել ակումբի երկրպագուների ներկայությամբ: Ես կձգտեմ դրան»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարն ավարտվեց և հայտնի դարձան 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները:
Խմբերում առաջին տեղեր գրավեցին. «Ֆեներբահչե», ԱՊՕԵԼ, «Սենթ Էթյեն», «Զենիթ», «Ռոմա», «Աթլետիկ», «Այաքս», «Շախտյոր», «Շալկե», «Ֆիորենտինա», «Սպարտա», «Օսմանլիսպոր»:
Երկրորդ տեղեր գրավեցին. «Մանչեսթեր Յունայթեդ», «Օլիմպիակոս», «Անդերլեխտ», «ԱԶ Ալկմար», «Աստրա», «Գենկ», «Սելտա», «Գենտ», «Կրասնոդար», ՊԱՕԿ, «Հապոել Բեր Շեւա», «Վիլյառեալ»:
Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղեր գրաված թիմեր. «Լուդոգորեց», «Բեշիկթաշ», «Բորուսիա Մ.», «Ռոստով», «Տոտենհեմ», «Լեգիա», «Կոպենհագեն», «Լիոն»: