Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի մի շարք զորամասեր
Դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:
Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Սերժ Սարգսյանը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: