«Կյանքում երեք արարում, ծնունդ եմ ունեցել՝ որդուս և երկու գրքերիս». Լուսինե Ղազարյանի «Սեր թևերս» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ լրագրող, բանաստեղծուհի Լուսինե Ղազարյանի «Սեր թևերս» գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Լուսինեին շնորհավորելու էին եկել նրա գրչակից ընկերները, ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ, արվեստագետներ:
Ներկաները շնորհավերով Լուսինե Ղազարյանին, ընթերցեցին նրա ստեղծագործությունները, հիշեցին բանաստեղծուհու հետ կապված հետաքրքիր պատմություններ: Իսկ Լուսինեյի ուսուցչուհին էլ պատմեց, թե ինչպես դեռ դպրոցական հասակում, Լուսինեն իրեն ցույց է տվել իր առաջին բանաստեղծությունները, և ինքն այսօր հպարտ և ուրախ է նրա համար:

Շնորհանդեսին ներկա գտնվող Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,խոսելով գրքի մասին, նշեց որ «մեր երկիրը ֆինանսների կարիք չունի, այլ սիրո և հույսի կարիք ունի, սերը տվեց Լուսինեն, իսկ մեզ մնում է հույս ունենալ…»։
ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը ԵԿՄ վարչության կողմից Լուսինե Ղազարյանին հանձնեց «Եռասերունդ երկրապահ» մեդալ՝ որպես լրագրողի, ով լինում է դիրքերում, հանդիպում զինվորներին ու սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Սիրելի մորը, հաջողության ու գրքի ծննդյան առիթով շնորհավորեց նաև նրա 14-ամյա որդին՝ Արայիկը:
Նա գրքի բանաստեղծությունների համար երաժշտություն էր գրել: Արայիկն այդ երգը կատարեց կիթառի նվագակցությամբ:
Գրքի խմբագիր, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նկատեց, որ իր համար բախտավորություն է լինել այսպիսի գրքի խմբագիր, քանի որ «կարդում ես գիրքն ու տաք շունչ է գալիս դեմքիդ»:

«Սեր թևերս» բանաստեղծությունների հավաքածուն հեղինակի արդեն երկրորդ գիքն է: Այն իր մեջ ներառում է 59 բանաստեղծություն և տպագրվել է ավելի, քան 200 օրինակով:
«Կյանքում երեք արարում, ծնունդ եմ ունեցել՝ որդուս և երկու գրքերիս…»,- շնորհակալություն հայտնելով իր հյուրերին՝ ասաց Լուսինե Ղազարյանը: Նա նկատեց նաև, որ կյանքում հաճախ մի կողմ դնելով զգացմունքերը՝ տրվում ենք բանականությանն ու կորցնում շատ արժեքավոր բաներ: