Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
Այսօր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։
Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության շնորհիվ՝ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները՝ Պարույր Սևակ ստորագրությամբ։
1946թ. ամուսնացել է Մայա Ավագյանի հետ: Ունեցել են մեկ զավակ՝ Հրաչիկ Ղազարյանը:
1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ Մոսկվայում ուսանելու տարիներին ամուսնացել է երկրորդ անգամ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլիի հետ: Ունեցել են երկու որդի:
1970-ին Պարույրը ստանում է Բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։
Մահացել է 1971թ. հունիսի 17-ին, հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին՝ իր վարած ավտոմեքենայի վթարից: Պարույր Սևակի հետ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին:
Թաղված է հայրենի գյուղի սեփական այգում: