Խնդրում ենք դիտարկել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում ազատ տնտեսական գոտու ձևավորման հնարավորությունը. նամակ վարչապետին
«Սամցխե-Ախալցիխե» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների անունից՝ հիմնադիր Անդրեաս Սրաբյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Վարչապետ,
«Սամցխե-Ախալցիխե» բարեգործական հիմնադրամի և Վրաստանի Հանրապետության Ախալցիխեի շրջանի բնակչության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Բավրայի մաքսակետում միջնորդային վճարը վերացնելու գործում աջակցության համար: Նշյալ միջնորդավճարի վերացումն արագացրել և պարզեցրել է անցակետի աշխատանքը, ինչն էլ իր հերթին երկու բարեկամ պետությունների միջև մեծացրել է ուղևորաշրջանառությունը: Այդ քայլը նաև մեծ աջակցություն է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներին:
Հաշվի առնելով սահմանամերձ շրջանների զարգացման անհրաժեշտությունն ու երկկողմ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման կարևորությունը՝ խնդրում ենք դիտարկել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրայի մոտ, ազատ տնտեսական գոտու ձևավորման հնարավորությունը, որը Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շնորհիվ ուղևորաշրջանառության և բեռնափոխադրման մեծացման հետ մեկտեղ կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ինչը կկանխի հետագա արտագաղթը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Վրաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից:
Ակնկալում ենք Ձեր ուշադրությունը առաջարկվող հարցի նկատմամբ:
Պարոն Վարչապետ,
Մեկ անգամ ևս կարևորելով Ձեր դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում նկատվող դրական միտումների մեջ՝ սատարում ենք Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ վստահ լինելով, որ դրանք կունենան հաջող ավարտ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հարգանքով՝
Հիմնադրամի Հոգաբարձուների
Խորհրդի անդամների անունից՝ հիմնադիր Անդրեաս Սրաբյան»: