Ադրբեջանի անտրամաբանական պահվածքը դասական աբսուրդի ժանրից է
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ թե՛ Լապշինի մութ գործարքը, թե՛ Արցախի սահմանադրական հանրաքվեին հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը, թե՛ «սև ցուցակի» ընդլայնումը, թե՛ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը դասական աբսուրդի ժանրից են:
«Այդ ամենը զավեշտալի և ոչ տրամաբանական քայլեր են: Բայց մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, ոչինչ զարմանալի չէ: Ես չեմ զարմանա, որ մյուս օրը ոչ միայն Մեհրիբան Ալիևան կլինի այդ երկրի փոխնախագահ, այլ Ալիևի որդին դառնա երկրի վարչապետ, մյուս աղջիկը լինի պառլամենտի նախագահ և չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ վարեն կամ կառավարության: Այսինքն՝ այդ երկրի որևէ քայլից պետք չէ զարմանալ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը և հավելեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք նրանց նման պահվածքի համար»: