ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու անհրաժեշտության վրա. ՀՀ ԱԳՆ
Հակառակ միջազգային հանրության կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջներին՝ անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։
Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա։