ՀՅԴ-ն երբեք թույլ չի տա, որ որևէ թեկնածու տանի իրենց ձայները
«Ընտրությունները թեժացնում են վիճակն այնքան, որ բախումները դառնում են անխուսափելի: Հատկապես, որ ռեյտինգային ընտրակարգը դատարկ տեղ չի թողել, անտեր ձայն գրեթե չկա»:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Բազմասեր Առաքելյանի և ՀՅԴ-ականի ծեծկռտուքին: Նա նշեց, որ չի ուզում միջամտել, քանի որ ոստիկանությունը քննում է գործը:
«Ես չեմ ուզում այդ ինֆորմացիան իմանամ, միջամտեմ: Բայց չեմ բացառում, որ համագյուղացիները միշտ կարող են իրար հետ կռվել ու լեզու գտնել: Մեր խնդիրն այն է, որ հարցը չքաղաքականացվի, չդիտվի, որ սա պայքար է ընտրությունների հետ կապված: Սա է, որ մենք անընդունելի ենք համարել: Եթե որևէ տեղ նման դրսևորում լինի, մենք ինքներս ենք կանխելու»,- ասաց Ռուսամյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն երբեք թույլ չի տա, որ որևէ թեկնածու տանի իրենց ձայները:
Արմեն Ռուստամյանը նաև հանրությանը հորդորեց դուրս գալ ասիական հետամնաց ոճից. խնամի, բարեկամական, հարզազատական կապերով չառաջնորդվեն ընտրությունների և պետական կարևոր խնդիրները լուծելու ժամանակ:
«Այդ կապերը շատ լավ են, երբ իրար հետ կնունք, ծնունդ ու հարսանիք ենք անում, բայց այդ կապերով չի կարելի առաջնորդվել պետության համար կարևոր խնդիրների լուծման դեպքում»: