Խորհրդարան ունենք՝ աշխարհը չունի. ռեկորդ է խփում
«Ռեկորդ է։ Մեր խորհրդարանը չունի նմանակը աշխարհում։ 60 քվեարկություն 3 օրվա ընթացքում և 46 հարց»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական քվեարկությունների մասին իր տեսակետը հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մերոնք էնքան հանճարեղ են, էնքան գրագետ, կարդացած ու օրենսդիր, որ 46 օրենք ենք մատուցել այս երկրին: Ստացվում է, որ մեկ րոպեում մեկ օրենք ենք ընդունում: Սա է մեր խորհրդարանի որակը»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
Նրա խոսքերով՝ քվեարկության մասնակցողների 90 տոկոսն անգամ չի կարող ասել, թե ինչ է քվեարկել, մինչդեռ դրանց մեջ կան ճակատագրական օրենքներ, մարդկանց ճակատագիրը որոշող օրենքներ:
«Սա ծիծաղելի չէ, այլ լացելու բան է, որ ունենք մի խորհրդարան, որտեղ րոպեն մեկ կարող է օրենք ընդունվել»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ այսօր այդ նույն մարդիկ գումար են բաժանում ընտրատեղամասերում, ժողովրդին վախեցնում են, որ նորից հայտնվեն խորհրդարանում։