Ինչո՞ւ է ոստիկանությունը կոծկում Արարատում տեղի ունեցած ծեծկռտուքը. «ՀԺ»
«Ոստիկանությունը քննություն չի սկսել Հովհաննես Ղազարյանի ﴾Գազի Հովո﴿ որդու՝ Վիլենի եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ այս շաբաթ տեղի ունեցած ծեծի դեպքի առիթով։ Այդ մասին մեզ հայտնեցին ոստիկանությունից:
Փաստորեն, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ դեպքը կոծկելու համար: Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ընկերոջ եւ Գազի Հովոյի որդու միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլյան ընտրությունների շրջանակում: Ղազարյաններն ու իրենց թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանն առաջադրվել է իր աներոջ «Ծառուկյան» դաշինքով։
Մեր տեղեկություններով, Ղազարյանների ու Գրիգորյանների միջեւ քավոր‐ սանիկային կապ կա: Ծեծկռտուքի եւ Գրիգորյանների հետ ունեցած բարեկամական կապի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գազի Հովոյից, բայց վերջինս չցանկացավ խոսել՝ ասելով, որ դրա ժամանակը չէ, զբաղված է:
Հիշեցնենք, որ Հ. Ղազարյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ խորը թշնամական հարաբերություններ են եղել, բայց նրանք հաշտվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց: Բայց այս ընտրությունները հին թշնամանքը նորից է սրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում