ՌԴ-ն կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Լավրով
Իմ գործընկերոջ և ընկերոջ՝ նախարար Մամեդյարովի հետ բանակցությունները կառուցողական են անցել, մենք քննարկել ենք առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ բարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա ասել է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպես նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը:
«Բնականաբար, մենք խոսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, և իհարկե՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մեր բոլոր քայլերը ձեռնարկվում են համանախագահների մշակած սկզբունքների համաձայն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: