Ռուսաստանի քաղաքացիություն կստանան նրանք, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում
Ռուսաստանում կընդունվի նոր օրինագիծ, որով կկանոնակարգվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցը: Այս մասին գրում է ռուսական kp.ru կայքը (Комсомольская правда)՝ հղում անելով ՌԴ Պետդումայի «Ազգությունների հարցերով մշտական հանձնաժողովի» փոխնախագահ Ռուսլան Բալյբեկի հայտարարությանը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ոչ միայն ունեն արյունակցական, այլև հայրենակցական կապեր: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ-ում։
«Հիմնական չափանիշը պետք է լինի ռուսաց լեզվի իմացությունը: Ինչպես նաև հիմնարար պատճառ կարող է լինել կապը՝ ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի հետ»,- Ռուսլան Բալյբեկի խոսքն է փոխանցել «ՌԻԱ Նովոստին»:
Նախագիծն ուսումնասիրման էր ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կողմից («Եդինայա Ռոսիա»)։ Առաջիկայում օրինագիծը կդիտարկվի Պետդումայի այլ կոմիտեների կողմից, իսկ հետո քվեարկության կդրվի Դումայում։