«Ընտրարկղերում» կորած ձայներ (լուսանկարներ)
Ակնհայտ է, որ հասարակությունը խորհրդարանական գալիք ընտրությունների հետ կապված մեծ հաշվով ակնկալիքներ չունի: Մինչ քաղաքական ուժերն իրար կոկորդ են պատռում՝ իրենց օգտին մրցակիցներից ավելի շատ քվեներ ստանալու համար, հասարակությունն ինքը լուռ հետևում է կատաղի ու լարված մարտերին: Մարդկանց ընդհանուր անտարբերությունն ու հիասթափությունը հասել է մինչև իսկ այն աստիճան, որ նրանք մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված աղբամաններին փակցրել են «ընտրարկղ» մակագրությամբ պիտակներ:
Մյուս կողմից էլ, ըստ էության, քվեատուփերն ու «պաստառավորված ընտրարկղերն» ունեն միևնույն գործառույթը:
Ինչպես նկարում պատկերված այս մարդը հույսով հայացք է նետում աղբամանի մեջ՝ այնտեղից որևէ պիտանի իր կամ ուտելիք հանելու համար, այնպես էլ քվեատուփերի մեջ մարդիկ հույսով ու լավատեսությամբ նետում են իրենց քվեաթերթերը՝ արդյունք ստանալու համար:
Սակայն երկու դեպքում էլ մնում են ձեռնունայն և հուսախաբ լինում, քանի որ թե′ մեկի, թե′ մյուսի մեջ նետվածը՝ կորած են…


