Հաց բերողին
ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ
Հերոսի վրա չեն լալիս, նրա գործն են շարունակում։
Մարի Առաքելյան
Եւ նա գնաց` իբրեւ բողոք,
Որպես դեսպան` արդար հացի,
Գնաց պարզի` չարն անողոք
Էլ ինչ ունի դեռ մորթելու
Մեր սրբազան հացից բացի։
Գնաց` իբրեւ հեգնոտ ժպիտ,
Իբրեւ չարին նետած ձեռնոց,
Գնաց` որպես բոցված մի սիրտ,
Որ իմանա` արդարության ճիչի դիմաց
Աստծո ունկերն ինչո՞ւ են գոց։
Գնաց` որպես մատաղի հաց,
Որպես նշխար հաղորդության,
Որ բաժանվի ազատաբաղձ
Հոգիներին` անսպառ ու ինքնամոռաց`
Իբրեւ արթուն խիղճ մարդկության։
Ու ժպտում է հիմա վերից`
Որպես անմեռ գութն աշխարհի,
Նա գալու է հաստատ նորից,
Որ ոգու սով ապրող խավար հոգիներին
Իմաստության հացը բերի։
Նրա արյունն` իբրեւ գինի,
Հեղե’ք վրան արդար հացի,
Թող ճաշակեն` ով խիղճ ունի,
Ու հավատով, որ գալու է օրն հարության,
Ճամփա դրեք` առանց լացի։
Հասմիկ Վարոսյան
16. 03. 2017թ.