Գեղանկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 27-ը
Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում տեղի է ունեցել գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը։
Գեղանկարչուհին, ով բազմիցս իր առանձին աշխատանքները ներկայացրել է հանրության դատին, այս անգամ ներկայացնում է իր ողջ զինանոցը՝ «Հավերժ ճամփորդ» վերտառությամբ։
Արմինե Թումանյանը երկու առանձին շարք է ներկայացրել՝ հայկական դիցաբանությանը նվիրված շարք և հեթանոսական աստվածներ:
Նա շեշտում է, որ իր աշխատանքների մի մասը նվիրված է հեթանոսության շրջանի հայ աստվածներին, որը հարգանքի տուրք է պատմությանը։ Ի դեպ, ցուցահանդեսն այս օրերին ներկայացնելով, Արմինե Թումանյանը օրը պատահական չի ընտրել։ Հին տոմարով հենց մարտի լույս 21-ի գիշերն է Նոր տարին և ցուցահանդեսն ուղղակիորեն առնչվում է հայկական Ամանորին։
Արմինե Թումանյանը ներկայացրել է ևս մեկ՝ դիմանկարների շարք, «Աշխարհի կանայք» խորագրով, որտեղ ներկայացված են տարբեր ազգային պատկանելություն ունեցող իր ընկերուհիները, դիվանագետների կանայք, ու թեև նրանց մի մասն այլևս Հայաստանում չէ, սակայն դիմանակարները մշտապես ապահովում են նրանց ներկայաությունը գեղանկարչուհու կյանքում։ Արմինե Թումանյանի «Աշխարհի կանայք» ու «Հին աստվածները» ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը:
Նշենք, որ Արմինե Թումանյանն ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, մասնագիտացել է կիրառական արվեստի բնագավառում, իսկ վերջին տարիներին ստեղծագործում է նաև գեղանկարչության ոլորտում։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների թե Հայաստանում, թե արտերկրում։