ՕՐՕ-ն ահազանգ է ստացել. իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին գալ Երևան
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրավապահները խոչընդոտում են քաղաքացիներին Գեղարքունիքի մարզից գալ Երևան՝ մասնակցելու այսօր կայանալիք հանրահավաքին, որի պահանջն է լինելու «Ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղաբանտարկյալներին»: ՕՐՕ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ահազանգ
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ-ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով»։