«Բոլորս գիտենք, որ շատ գործ ունենք». Նախագահը շնորհավորեց խորհրդարանականներին
Նախագահ Սերժ Սարգսյանը հավատում է, որ մոտ ապագայում Հայաստանը կմտնի բեկումնային ժամանակաշրջան:
Այդ մասին նա իր ելույթի ժամանակ հայտարարեց վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում:
«Այսօր եկել է այդ օրը, և ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր փուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման առաջին ու կարևոր քայլը կատարում: Բոլորս գիտենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք կայուն կամք ու լավատեսություն»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ խորհրդարանի կարևոր դերն օրինաստեղծ գործունեությունն է, և Հայաստանում ընդունված օրենքները պետք է լինեն ոչ միայն իրավական, այլ գործուն ու ընկալելի:
«Թերի ու վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլ վնասաբեր է: Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»,- հավելեց նա:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ կարևոր է նաև խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանն ուղղված սկզբունքների նեդրումը:
«Խորհրդարանի դերն ու ազդեցությունը պետք է բարձրացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»,- նշեց նա իր ելույթի ժամանակ: