Մանր հողատերերին Գյուղնախարարությունը մատնել է անտերության
Վերջին տարիներին գյուղմթերքի արտահանման ծավալների աճ է նկատվում, սակայն այս ցուցանիշները չեն ազդում գյուղական համայնքների բարեկեցության վրա, հակառակը՝ լոլիկ մշակողները դժգոհում են ներկրվող լոլիկի ծավալներից, վարունգ կամ այլ բանջարեղեն մշակողները դժգոհում են ցածր գներից, ծիրանի սեզոնին՝ իր խնդիրները:
Ի՞նչ է կատավում գյուղոլորտում, ինչո՞ւ արտահանման բարձր ցուցանիշները հայ գյուղմշակի կյանքը չեն բարելավվում, հակառակը՝ միշտ դժգոհ են:
Այստեղ, իհարկե, խնդիրը մշտական դժգոհությունը չէ. կան այլ պատճառներ:
Նշենք, որ այսօր Արմավիրի մարզի հողմշակները փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը. վարունգի գները ցածր են, չեն արդարացնում ծախսերը: Միաժամանակ նշվում է, որ 2017թ. 5 ամիսներին գյուղմթերքի արտահանման խնդիր չի եղել, այդ դեպքում ինչո՞ւ այդ արտահանումը չի անդրադառնում ոլորտի մանր աշխատողների վրա:
Պատճառը պարզ է, Հայաստանում ջերմոցային տնտեսություններով արդեն քանի տարի է՝ զբաղվում են խոշոր հողատերերը և օլիգարխները, որոնք հսկայական տարածություններ են գնում, ջերմոցներ կառուցում-մշակում, բերքի դեպքում` այն արտահանում են սեփական միջոցներով, իսկ մի մասն էլ իրացնում են տեղի շուկայում, սուպերմարկետներում. նման գործարքների համար ունեն և′ միջոցներ, և′ կապեր, իսկ մանր արտադրողներին մնում է փակել ճանապարհները և արդարություն պահանջել:
Իհարկե, նման մեծածավալ արտահանումները գեղեցիկ են հնչում պատասխանատուների շուրթերից` ցուցադրելով գյուղմթերքի արտահանման ողջ հմայքը, սակայն իրականում փոքր արտադրողներն ստիպված են լինում ցածր գներով իրացնել բերքը՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` թափել:
Իրականում խոշոր ջերմոցատերերը գրավել են թե′ արտահանման, թե′ Հայաստանում իրացման ոլորտը, մանր հողամշակներին մնում է գոհանալ եղածով:
Այստեղ կարող է Գյուղնախարարությունը օգնել, քանի որ խոշորները իրենք են իրենց միջոցներով իրացնում բերքը, սակայն` ոչ: Ինչպես տեսնում ենք, ճանապարհ փակելը դարձել է մանր հողատերերի վերջին հույսը, և Արմավիրի մարզի իրավիճակը դեռ սկիզբն է:
Մանր հողատերերին գյուղնախարարությունը մատնել է անտերության: