Շմայսը «քցել է» բանվորներին
Ընտրություններից առաջ Արմավիրի մարզի Դողս գյուղում և Էջմիածին քաղաքում ասֆալտապատում է իրականացվել, սակայն բանվորները մինչև այժմ չեն վճարվել։ Այս մասին ասաց NEWSPRESS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով ներկայացավ Կարեն անունով։
Նա նշեց, որ ասֆալտապատումը կատարել է Առաքել Մովսիսյանը՝ որպես նախընտրական խոստում, սակայն իրենք տեղյակ են, որ անգամ նախագահականից են գումար տրամադրել, նաև արտերկրից Ռոբ անունով մեծահարուստ է օգնել, իսկ Շմայսը պարզապես բանվորներին ձրի աշխատեցրել է։ Խաբված բանվորները մտածում են բողոքի ցույցեր անել կամ դիմել վարչապետին։
Նա նաև փոխանցեց, որ իրենք պարզել են, որ ասֆալտապատման համար տրամադրվել է մոտ 10 մլն դրամ, իսկ թե ինչու բանվորներին չի վճարվել, Կարենը տեղյակ չէ․ համոզված է, որ Շմայսն իրենց պարզապես «քցել է»։
«Մենք մտածում ենք բողոքել, սակայն զգուշանում ենք Շմայսից, մեկ էլ տեսար իր հաստավզերին ուղարկեց՝ մեզ վնասեն։ Մենք բոլորս խանութներին պարտք ենք, թե ոնց ենք վճարելու՝ չգիտենք»,- ասաց Կարենը։