Դեղատնից հափշտակել են դեղորայք. գողությանը մասնակից են եղել երեք հոգի (տեսանյութ)
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը 02:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել է դեղատան մուտքի դռների փեղկերը, մուտք գործել դեղատուն և հափշտակել տարբեր տեսակի դեղորայք:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեղատնից կատարված գողությանը մասնակից են եղել երեք հոգի։ Անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 3 տղամարդ դեպքի օրը՝ ապրիլի լույս 6-ի գիշերը, մուտք են գործում դեղատուն, այնտեղից դուրս գալիս ծանրոցներով և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։