«Ծառուկյան» դաշինքում տարաձայնություն չկա․ Զաքարյանը Մոսկվայում է
Իշխան Զաքարյանը լինում է ԱԺ-ում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անձամբ է հանդիպել նրան։ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Իվետա Տոնոյանն ասել է նաև, որ այս պահին, իր իմանալով, Իշխան Զաքարյանը Մոսկվայում է գտնվում՝ հանդիպումների։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Իշխան Զաքարյանը լինի «Ծառուկյան» դաշինքից հերթական հրաժարականի դիմում ներկայացնողը, ինչպես շրջանառվում է մամուլում, կամ նրան աշխատանք վստահվի կառավարությունում, Իվետա Տոնոյանը պատասխանեց։ «Մամուլի հրապարակումների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց Իշխան Զաքարյանից որևէ նման ցանկության, մտադրության մասին չեմ լսել»,-ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ընդհանրապես «Ծառուկյան» դաշինքում որևէ տարաձայնություն չկա:
Ինչ վերաբերում է հրաժարականներին, ապա նա նկատեց․ «Այդ մարդիկ ևս վստահության քվե ունեն, ձայներ ունեն, և ռեյտինգային ընտրակարգը հենց դա էլ ենթադրում է: Կան քաղաքական պայմանավորվածություններ, իսկ դա գործընթաց է»: