«Փյունիկ»-ը վաճառելու մասին խոսք լինել չի կարող
«Որտե՞ղ է տպագրվել, որ ես հեռանալու եմ Հայաստանից: Խորացեք և կգտնեք»: Այսօր ֆուտբոլի ՀՀ առաջնության «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումից առաջ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նկատեց, որ իր մասին մամուլն ամեն անգամ մի բան գրում է.
«Մի օր գրում են, որ ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, կանանց, զենքի վաճառքով… Այդ թերթի տերը կամ ղեկավարը ինքն է դասալիք: Ես կյանքում դասալիք չեմ եղել: Եթե խորն ուսումնասիրեք, թե ես վերջին տասը տարում ինչով եմ զբաղվել, կհամոզվեք, որ այսօր Հայաստանի հողի վրա ինձնից ամուր կանգնած շատ քիչ մարդ կա: Ես Հայաստանը երբեք չեմ լքի»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Ինչ վերաբերվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքին, ապա նա նշեց, որ «Փյունիկը» հայկական ֆուտբոլի համար արժեք է, շարժիչ ուժը, որը հավաքականին տալիս է տասնյակ կադրեր:
«Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ սխալ է, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաև ակումբի սեփականատեր է: Ասել եմ նաև, որ եթե գտնվի մեկը, որը պատրաստ կլինի հովանավորել «Փյունիկը», ակումբը կշարունակի գործել և ես կհավատամ նրան, պատրաստ եմ նույն օրը ակումբը զրո կոպեկով փոխանցել նրան: Վերջին ժամանակներս այդպիսի մարդ հայտնվեց, հավատ ներշնչես, որ կպահպանի: Վաճառելու մասին խոսք լինել չի կարող: Ակումբի համար ոչ մեկը Հայրապետյան ընտանիքին մի կոպեկ չի տվել: Մենք, պարզապես, ակումբի 100 տոկոս բաժնեմասը զիջել ենք նրան»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը: