Հենրիխ Մխիթարյանը կլինի խաղադաշտում. Արթուր Պետրոսյան
«Դեռ չեմ որոշել, թե ինչքան ժամանակով, բայց Հենրիխ Մխիթարյանը կլինի խաղադաշտում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ ասուլիսում խոսելով Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ ընկերական խաղի մասին, որը տեղի կունենա հունիսի 4-ին:
«Մեզ օդի ու ջրի պես պետք էր ընկերական խաղ: Այնպես որ ընտրեցինք այս տարբերակը: Ունենք ֆուտբոլիստներ, որոնց ակումբային հանդիպումները շուտ են վերջացել, եւ նրանք վերջին մեկ ամսվա ընթացքում զուրկ էին խաղային պրակտիկայից»,-նշեց Պետրոսյանը:
Անդրադառնալով նորեկ Արմեն Համբարձումյանին՝ նա նկատեց, որ ֆուտբոլիստն իրեն արդարացրել է հավաքի ընթացքում:
Ի պատասխան դիտարկմանը, թե մրցակցի կազմում շատ են ատլետիկ տվյալներով ֆուտբոլիստները, Արթուր Պետրոսյանն արձագանքեց. «Ես նայել եմ նրանց խաղերը: Մրցակիցը ագրեսիվ է, բայց ոչ կոպիտ: Մենք պետք է արագ խաղանք, որպեսի խուսափենք բախումներից»: